Արմինֆո.Երևանում այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ մետրոյով, «ՄԱՆ», «Ժոնգ Թոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» ավտոբուսներով, ինչպես նաև տրոլեյբուսներով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար` նրանցից գումար չի գանձնվելու:
Այդ մասին մարտի 4-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց մարտի 8-ի առթիվ համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար: Համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15 000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն:
«Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և մարզական համալիրը: Համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի:
Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով: Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից: Երևանի քաղաքապետարանն այդ տարածքում ևս բարեկարգման ու կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի շնորհիվ «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով:
Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում: Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլև գրանցվելու է կանչի հրատապության մակարդակը՝ դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները», - ասվում է հաղորդագրությունում: