Արմինֆո. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Ընդ որում, նա նշել է, որ այդ թվում՝ ադրբեջանական զինված դիրքերը, որտեղից 13.02.2024թ. Հայաստանի տարածքում ՀՀ 4 զինծառայող սպանվել է, իսկ 1-ը` ստացել վիրավորում:
«Ներքին Հանդում՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մեծ հեռավորությունը մոտ 2,060 մետր է (սահմանից դեպի երկրի խորքը): Ներքին Հանդի դպրոցին ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մոտը 769 մետր հեռավորության վրա է», - հավելել է իրավապաշտպանը:
Նա եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ներքին Հանդում խմելու ջրի ակունքները, Սբ. Հռիփսիմե եկեղեցին, գերեզմանոցը ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Մարդիկ ստիպված խմում են գետի ջուրը:
«Ներքին Հանդում այգիները, արոտավայրերը, խոտհարքները և վարելահողերը ադրբեջանական օկուպացիայի ներքո են, վերացել է անասնապահությունը: Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք, որից՝ 1. 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր; 2. 170 հեկտար անտառային հողեր; 3. 130 հեկտար համայնքային հողեր։ 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով։
Ներքին Հանդում ադրբեջանական զինծառայողները ոչնչացնում են բուսական և կենդանական աշխարհը, կառուցում անօրինական ճանապարհներ: Ներքին Հանդը շրջափակած ադրբեջանական զինված դիրքերից լսվում են կրակոցներ, ականնների պայթյուններ», - ամփոփել է Թաթոյանը: