Արմինֆո. Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայում դիվանագիտական համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում:
Էրդողանը հավելել է, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը թյուրքական աշխարհի հզորացման համար։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն, իր հերթին, համաժողովի բացման արարողության ժամանակ նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը: "Դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ, իսկ միջազգային իրավունքը չի կարող լուծում գտնել նման հակամարտություններին", - ասել է Ֆիդանը, հավելելով, որ "Թուրքիան ակտիվ եւ դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների եւ խնդիրների լուծման համար":
Նշենք, որ Անկարան շարունակում է հայ-թուրքական սահմանի բացումը կապել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ավելին, ոչ վաղ անցյալում ադրբեջանա-թուրքական տանդեմը շրջանառության մեջ դրեց նոր նարատիվ, և այժմ սահմանի բացումը կապում է Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջի հետ։