ԱրմԻնֆո. Հայաստանը պատրաստ է թեկուզ հենց հիմա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացել սահմանները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովում ։
"Եթե Սերդարը համաձայնի, մենք կարող ենք այսօր հայտարարել այդ մասին։ Հուսով եմ, որ դուք կհամաձայնեք, և այս համաժողովը կդառնա պատմական: 2022 թվականի հուլիսին Սերդարը և ես հայտարարեցինք, որ 2023 թվականի ամռանը կբացենք ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, հետո՝ նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Ցավոք, դա դեռ տեղի չի ունեցել։ Հայկական կողմում դրա համար պատրաստ է ողջ ենթակառուցվածքը", - հայտարարել է Ռուբինյանը։
Նա նշել է, որ նման առաջարկ արել է այն պատճառով, որ զգացել է, որ Թուրքիան չի կարող առաջ գնալ։
ԱԺ փոխխոսնակը հիշեցրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ երկու երկրների սահմանները բաց էին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և ստանալու համար, և դա, նրա համոզմամբ, հուզիչ պահ էր: "Մենք պետք է կարողանանք բացել սահմանները ոչ միայն ողբերգության պահին, այլև ուրախ, բարենպաստ ժամանակ։ Թուրքիայի հետ սահմանը փակ պահելու պատճառ ես չեմ տեսնում։ Չի կարելի խոչընդոտներ ստեղծել այս գործընթացում", - նշել է նա, համոզմունք հայտնելով, որ պետք է պայմաններ ստեղծվեն Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների միջև շփումների համար։
Ռուբինյանը ևս մեկ անգամ կարևորել է հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն, իր հերթին, համաձայնել է դրան, խոստանալով, որ շուտով դա տեղի կունենա: Դրա հետ մեկտեղ, նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը՝ առկա խոչընդոտները չեզոքացնելու համար։ "Հասկանալի է, որ սկզբում մենք սահմանը կբացենք երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ հետո գործընթացը կընդլայնվի մեր երկու պետությունների քաղաքացիների համար։ Բայց Ռուբենը երբեմն անտեսում է որոշ կարևոր պահեր։ Կցանկանայի հիշեցնել, որ մեր երկրների միջև գոյություն ունի ավիահաղորդակցություն, իսկ դա նշանակում է, որ կապ և երկխոսություն կա Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների միջև։ Սահմանի բացումը միակ քայլը չէ, մեր կողմից կան նաեւ այլ քայլեր", - ասել է թուրք դիվանագետը՝ նշելով նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բավական լուրջ առեւտրային հարաբերությունների առկայությունը։ Դիվանագետը հավաստիացրել է, որ սահմանը կբացվի, երբ ժամանակը գա ։ "Ինչպես հիշում եք, մենք հանդիպել ենք ձեզ հետ Մոսկվայում, Ռուբեն, և դրա համար որևէ նախապայման չի եղել։ Ես պատրաստ եմ հաճախ գալ Երևան, և դուք եկեք Անկարա։ Բայց Անկարայում կամ Երևանում կարելի է հանդիպում անցկացնել առանց որևէ նախապայմանի։ Հանդիպումների բացակայությունն ու նախապայմանները խնդիրներ են ստեղծում", - հավելել է նա։
Արձագանքելով Քըլըչի այդ խոսքերին՝ Ռուբինյանը ենթադրել է, որ ինչ-որ թյուրըմբռնում կա, քանի որ Երևանը որևէ նախապայման առաջ չի քաշել Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու կամ հանդիպումներ անցկացնելու համար: