Արմինֆո.Անկարան հանդես է գալիս Երեւանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման օգտին, սակայն պետք է հասկանալ, որ այդ գործընթացի շրջանակներում որոշակի պայմաններ կլինեն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում "Խաղաղությունը, զարգացումը եւ կապերը Հարավային Կովկասում" պանելային քննարկմանն իր ելույթի ժամանակ։
Նա, ընդսմին, համոզմունք է հայտնել, որ այն գործընթացը, որն այսօր ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև, ոչ թե կարգավորում է, այլ, ավելի շուտ, երկու կողմերի միջև վստահության ստեղծմանն ուղղված քայլեր: "Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, եւ մեզ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, ինչը մեզ միավորում է, այլ ոչ թե՝ բաժանում", - նշել է թուրք դիվանագետը:
Նրա ասելով՝ անհրաժեշտ է պատասխանատվություն դրսեւորել, հակառակ դեպքում, բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։ Նա կոչ է արել ոչ թե հետ նայել անցյալին, այլ նայել ապագային՝ դասեր քաղելով պատմությունից։ "Հայ-թուրքական կարգավորումում բացասական գործոններ չպետք է լինեն։ Չի կարելի պարտադրել սեփական տեսակետները", - հայտարարել է Քըլըչը, հավելելով, որ յուրաքանչյուր տարածաշրջան պետք է երկխոսություն վարի առկա խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար ։
Միևնույն ժամանակ, Քըլըչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպում անցկացնել Երևանում ՝ այդպիսով կատարել պատմական իրադարձություն: Ի պատասխան՝ Ռուբինյանը խոստացել է այսօր ավելի ուշ հանդիպել և քննարկել այդ հարցը: "Կարծում եմ, որ մենք ձեզ հետ ավելի ուշ հնարավորություն կունենանք հանդիպել և քննարկել, թե որտեղ և երբ անցկացնել բանակցությունների հերթական փուլը", - նշել Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել էին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ - թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք այցելում են, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա, և որոշել էին անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Պայմանավորվել էին նաև կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին և որոշում էին կայացրել անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Ի վերջո, կողմերը ևս մեկ անգամ ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու շուրջ իրենց պայմանավորվածությունը:
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է՝ Ադրբեջանի հետ համակարգելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: