Արմինֆո.Հարավային Կովկասը շատ կարեւոր է Վրաստանի համար, որը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի առաջմղմամբ։ Այդ մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, ով հույս է հայտնել, որ կհաջողվի գտնել այնպիսի լուծում, որից շահեն երկու կողմերը:
Ընդ որում, վրացի դիվանագետը հիշեցրել է, որ Վրաստանը կողմերին առաջարկել է իր օգնությունն ու աջակցությունը խաղաղության պայմանագրի հասնելու համար: "Մեզ համար ակնհայտ է, որ պետք է պահպանել առկա համագործակցությունը՝ կողմնակի խաղացողներին մեր ասպարեզ թողնելու փոխարեն", - ասել է նա:
Խոսելով Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում Թբիլիսիի դերի մասին՝ Դարսալին հիշեցրել է, որ Վրաստանն ավելի վաղ հանդես է եկել խաղաղ բարիդրացիության նախաձեռնությամբ եւ աջակցություն է առաջարկել երկու երկրներին բանակցությունների անցկացման հարցում: "Մենք տեսնում ենք, որ որոշակի բարդություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում, և այդ պատճառով մենք առաջարկում ենք եռակողմ բանակցություններ անցկացնել մեր տարածաշրջանում։ Մենք վստահում ենք մեր երկու հարևաններին, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը։ Խաղաղությունն այլընտրանք չունի մեր տարածաշրջանում։ Խաղաղությունը պետք է կնքվի", - ասել է վրացի դիվանագետը՝ նշելով Հարավային Կովկասի համար նոր հնարավորությունների առկայությունը գլոբալ կապի նոր հայեցակարգի համատեքստում։ Վերջում նա նշել է Վրաստանի շահագրգռվածությունը՝ զարգացնելու ռազմավարական կապերը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։