Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու հարցը մեր քաղաքական թիմում նույնպիսի մտահոգություն է առաջացնում, ինչպես հանրության շրջանում։ Այդ մասին մարտի 1-ին ճեպազրույցում հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ այդ հարցը կուսակցության օրակարգում է։ "Առայժմ այդ առնչությամբ որևէ որոշում չի կայացվել, բայց քննարկումների արդյունքները հանրությանը կներկայացնենք ինստիտուցիոնալ ձևով", - ասել է ՔՊ քարտուղարը:
Իր հերթին՝ իշխանամետ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա իրավական հիմք Հայաստանի օդային դարպասների մոտ ռուս սահմանապահների ներկայության համար, նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա է լայն իրավապայմանագրային բազա, սակայն որոշ դեպքերում կարող է չլինել որոշակիություն, որը "թույլ տար գտնել այս կամ այն հարցի պատասխանը":
Նրա ասելով՝ "Զվարթնոց" օդանավակայանն իրավական տեսանկյունից դիտարկվում է որպես սահմանային կետ, բայց փաստացի չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության սահմանը: "Եվ այս պայմաններում առանձին կարգավորումների անհրաժեշտություն կա", - ասել է պատգամավորը:
Ամփոփելով՝ նա հայտարարել է, որ Հայաստանի հիմնական օդային հանգույցների սահմանապահ հսկողությունը պետք է իրականացնեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչները: "Ես կարծում եմ, որ բոլորը կիսում են այս կարծիքը", - ընդգծել Է Վարդանյանը:
Նշենք, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի հայկական հատվածում որոշակի պարբերականությամբ սկսել է շրջանառվել տեղեկատվություն Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների գտնվելու ոչ իրավաչափության մասին: Ի սկզբանե՝ այդ մասին մեծ տեքստ էր հրապարակվել էր "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ-ի կայքում ՝ Ռուզաննա Ավագիմյանի հեղինակությամբ, ով պնդում է, որ անկախության մասին հռչակագրի 5-րդ կետի համաձայն, այլ երկրների զորամիավորումները, դրանց ռազմակայաններն ու շինությունները կարող են տեղակայվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն Գերագույն խորհրդի (խորհրդարանի-խմբ.) որոշմամբ: Այնուհետև այդ տեղեկատվությունը որոշակի պարբերականությամբ պտտվում է հայկական տարբեր թելեգրամյան ալիքներով։ Շեշտադրումն այն է, որ Հայաստանի խորհրդարանը երբեք չի վավերացրել ՀՀ տարածքում ռուսական սահմանապահ զորքերի մասին պայմանագիրը, ինչը նշանակում է, որ ռուսական սահմանապահների գործունեությունն ինչպես հայ - իրանական, այնպես էլ հայ-թուրքական սահմանին, ինչպես նաև "Զվարթնոց" օդանավակայանում անօրինական է, և վերջիններս իրավունք չունեն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փոխարեն իրականացնել ՀՀ պետական սահմանը հատող քաղաքացիների անձնագրերի ստուգում և տրամադրում:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահների ներկայության համար հիմք է հանդիսանում հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը, որը կնքվել է 1992թ.սեպտեմբերի 30 – ին՝ Երևանում: Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը ներառում է 4 սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում: Հայաստանում Ռուսաստանի սահմանապահների պահումն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից՝ մոտավորապես հավասարապես։