Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը խոստացել է դիտարկել այն քաղաքացիներին ժամանակավոր կացարան տրամադրելու հարցը, ում տները քաղաքային իշխանությունների որոշմամբ քանդվել են Նոր Նորքում: Այդ մասին հաղորդել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Սիրելի երևանցիներ, կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:
Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:
Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:
Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը:
Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին», - գրել է Փամբուխչյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում լարված իրավիճակ էր ստեղծվել, որը պայմանավորված էր քաղաքի իշխանությունների կողմից ապօրինի շինությունները քանդելու որոշմամբ:
Տեղի բնակիչները հայտարարել են, որ այդ տներում ապրում են ավելի քան 10 տարի, և քաղաքապետարանի որոշումը նրանց անակնկալի է բերել: Ավելի վաղ նրանք դիմել էին քաղաքապետարան ՝ տները սեփականաշնորհելու մասին դիմումներով, սակայն որևէ արձագանք չի եղել։ Բնակիչները նշում են, որ իրենք այլ բնակարան, պարզապես, չունեն: Նրանք վստահ են, որ իրենց տների փոխարեն էլիտար բազմահարկ շենքեր կկառուցվեն։
Այդ հարցի առնչությամբ ՄԻՊ գրասենյակի թեժ գծին ահազանգեր են ստացվել: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոց։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով գրություն կհասցեագրվի Երևանի քաղաքապետարան։
Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո», - ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։