
Էլեկտրաէներգիայի սակագները պետք է սահմանվեն քաղաքացիների եկամուտներին համարժեք: Հունիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին նման կարծիք է արտահայտել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, նշելով, որ եթե երեք տարի առաջ ամսական միջին աշխատավարձով կարելի էր գնել 3700 կՎտ/ժամ էներգիա, ապա վերջին թանկացումերից հետո այդ ցուցանիշը կազմոմ է 3300 կՎտ/ժամ:
«Սակագները բարձրացնելու վերաբերյալ հայտը ներկայացնելուց առաջ պետք է կազմվի բիզնես-պլան: Առաջարկում են սակագինը բարձրացնել մինչև 58 դրամ: Արդյո՞ք դրանից հետո կբարելավվի էլցանցերի ֆինանսական վիճակը: Վերջին երեք տարիների փորձը ցույց է տալիս, որ ինչքան բարձր է սակագինը, այնքան վատ է ընկերության ֆինանսական վիճակը: Բնակչության գնողունակությունն ընկնում է, մարդիկ ավելի քիչ էներգիա են սկսում սպառել»,-նշել է Վ.Խաչատրյանը, հավելելով, որ մեկ տարում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է 8%: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում ոչ թե սակագները պետք է բարձրացվեն, այլ պետք է օպտիմալացվեն էներգետիկ համալիրի ծախսերը, ինչպես նաև պետք է սահմանվի պետական վերահսկողություն:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը հանդիսանում է «Ինտեր ՌԱՕ» ընկերության 100% դուստրը, մայիսի 8-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովին պաշտոնապես ներկայացրել էր էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտ: Մասնավորապես, առաջարկվում է ցերեկային ժամերին 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը 41.85 դրամից բարձրացնել մինչև 58.93 դրամ, իսկ գիշերային ժամերին` 31.85-ից մինչև 48.93 դրամ: Այսինքն, ցերեկային սակագինը կբարձրանա 40%, իսկ գիշերային սակագինը` 53.6%: Երկրի իշխանությունները, ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, փորձում են հերթական թանկացումը բարդել ՀԷՑ-ի «վատ մենեջմենտի» և գողության վրա: Բացի այդ, ՀԷՑ-ը ՀՀ կառավարության երաշխավորությամբ վերցրել է 220 մլն.դոլարի վարկ: Հետևաբար, վարկը մարել չկարողանալու դեպքում այդ պարտավորությունն ընկնում է երկրի հարկատուների ուսերին: Ներկայումս ընկերության պարտքերը գերազանցում են 250 մլն.դոլարը: