Արմինֆո. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Վիլեն Գաբրիելյանը փետրվարի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ԱԺ հաղորդագրության համաձայն, պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգել նրանց հիշատակը: «Սումգայիթի դեպքերով փաստացի սկսվել է հայ-ադրբեջանական արյունալի էջը, որն արդեն 35 տարի է, ինչ շարունակվում է: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ցեղասպանական գործողությունները ժամանակին պատշաճ գնահատականի եւ արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից, ինչը նաեւ հանդիսացավ վերջերս ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանության պատճառը»,- ասել է Վիլեն Գաբրիելյանը:
Լիլիթ Ստեփանյանն անդրադարձել է Սումգայիթի ջարդերի հետեւանքով զոհվածների պաշտոնապես հրապարակված կեղծ թվերին, խոսել այդ ժամանակաշրջանում Բաքվի իշխանությունների հակահայ քաղաքականության մասին:
Հիշեցնենք, որ ի պատասխան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի ինքնորոշման իրավունքն իրացնելու ձգտման ՝ Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի ալիք, որն ուղեկցվեց դաժանությամբ աննախադեպ սպանություններով, բռնություններով ու թալանով։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնությամբ ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհերը դարձան Լեռնային Ղարաբաղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայերը՝1988 թվականի փետրվարի 27-29-ը։ 1988թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը, որոնցից առավել խոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախում, Շամխորում, Մինգեչաուրում: Նույն ժամանակահատվածում ՝ 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, տեղահանվեցին նաև Հյուսիսային Արցախի 50 հայկական բնակավայրերի ՝ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի և Քեդաբեկի շրջանների լեռնային և նախալեռնային մասերի բնակիչները, ինչպես նաև Կիրովաբադի (Գանձակ) 48 հազարանոց հայ բնակչությունը: 1990թ. հունվարին Բաքվի հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական բռնագաղթը դարձան 1988-1990թթ. Ադրբեջանում հայ բնակչության հետապնդումների, բռնությունների, ջարդերի ու սպանությունների գագաթնակետը: 1990թ. հունվարին 250 հազարանոց հայ բնակչությունից Բաքվում մնացել էր մոտ 35-40 հազար հայ։