


ՙԵս ինչ-որ տեղաշարժ եմ ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Դաչիչի այցից հետո՚: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործանախարար Իվիցա Դաչիչի հետ Բաքվում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, եկել է ղարաբաղյան հակամարտությունը մեռյալ կետից շարժելու ժամանակը: ՙԲոլոր կողմերը շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ: Համանախագահող երկրները նույնպես ձգտում են առաջընթացի հասնել: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս հաջողվի հանդիպում կազմակերպել`եթե ոչ հակամարտության վերջնական լուծման, ապա դեպի կարգավորում տանող որևէ ճանապարհ ընտրելու նպատակով: Բնականաբար, դա կլինի Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում՚,- նշել է Մամեդյարովը:
Միաժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ԵԱՀԿ գործող նախագահին խնդրել է Երևանում բարձրացնել Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտների հարցը: Նրա խոսքով, դիվերսանտները պետք է որքան հնարավոր է շուտ վերադառնան հայրենքի:
Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թ. հունիսի 29-ին զիված ապօրինաբար հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն են հավաքել, և իրականացրել լրտեսական գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել է հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրա հրազենից արձակած գնդակով սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում է պատճառել: 2014 թ. դեկտեմբերի 29-ին Արցախի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի`Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման:



