Արմինֆո. Սենատոր Ռենդ Փոլը, ով աշխատում է Միջազգային հարաբերությունների կոմիտեում, ներկայացրել է օրինագիծ, որն արգելափակում է նախագահ Բայդենի առաջարկած ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
ANCA-ում ընդգծել են, որ վճռականորեն աջակցել են այդ քայլին։ "Ռենդ Փոլի բանաձևը արտոնյալ միջոց է, որն իրավունք է տալիս քվեարկել ԱՄՆ Սենատի ողջ կազմին՝ "կողմ" կամ "դեմ"սկզբունքով։ Այն առաջարկում է արգելելսպառազինության համակարգերի լայն սպեկտրի վաճառքը Թուրքիային՝ ի լրումն
F-16-երի առաջիկա վաճառքին: Բանաձեւի հիմքը 1976 թվականի Զենքի արտահանման նկատմամբ վերահսկողության մասին օրենքի 36(b) (1) բաժինն է", - հաղորդել են ANCA-ում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ի միայն անվանական դաշնակից է: "Սա գնալով ավելի թշնամական պետություն է, որը խաթարում է մեր ամերիկյան շահերը, հարձակվում մեր տարածաշրջանային դաշնակիցների վրա և մերժում մեր ժողովրդավարական արժեքները։ Նախագահ Բայդենն Անկարային չպետք է ուղարկի ոչ մի փամփուշտ, առավել ևս ՝ մեր ամենաարդիական սպառազինության համակարգերից մեկը՝ զենք, որը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի հույների, կիպրոսցիների, քրդերի և հայերի դեմ, ինչպես դա եղավ 2020 թվականին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ", - հավելել է Համբարյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու թույլտվություն է տվել: Ըստ արձանագրության՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հունվարի 26-ին Կոնգրեսին տեղեկացրել է սպառազինության այդ տեսակի վաճառքի նախատեսվող 23 մլրդ դոլարի գործարքի մասին, որը նախատեսում է 40 նոր F-16 ինքնաթիռների ձեռք բերում և 79 կործանիչների արդիականացում, որոնք Թուրքիան արդեն ունի: Որոշումն ընդունվել է մի քանի օր անց՝ այն բանից հետո, երբ Թուրքիան պաշտոնապես հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: