
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը դժվարացել է ասել, թե արդյոք Գերմանիայի Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը` մինչև ամառային արձակուրդներ
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե որ փուլում է այդ հարցը, Մորելը հունիսի 1-ին Երևանում մամուլիսի ժամանակ հայտարարել է. «Ես, առաջին հերթին, ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված հիշատակի միջոցառումներն անցան ըստ արժանվույն և բարձր մակարդակով: Պաշտոնական Երևանն ըստ արժանվույն ընդունեց մի քանի տասնյակ պատվիրակությունների, այդ թվում` չորս պետությունների ղեկավարների, որոնք Հայաստան էին ժամանել` մասնակցելու հիշատակի միջոցառումներին: Մեր պատվիրակությունը նույնպես մասնակցել է այդ միջոցառումներին», - հայտարարել է Գերմանիայի դեսպանը: Նա ընդսմին հավելել է, որ ուրախ էր ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում «100-ամյա վաղեմության իրադարձությունների» զոհերի հիշատակին պատարագի անցկացմանը, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Յոահիմ Գաուկը:
«Պատարագի ավարտին Գաուկը հանդես եկավ հայտարարությամբ, որում հստակ ընդգծեց այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նա ցեղասպանություն որակեց 1915 թվականի իրադարձությունները: Դրանից հետո, ապրիլի 24-ին Բունդեսթագում կայացան քննարկումներ: Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը նույնպես իր ելույթում կիրառեց «ցեղասպանություն» տերմինը: Սակայն Բունդեսթագն այդ փաստաթղթի շուրջ համաձայնության չհանգեց` շարադրանքին առնչվող տարաձայնությունների հետևանքով: Հարցը գործընթացի մեջ է, սակայն ես դժվարանում եմ ասել, թե արդյոք այն կքննարկվի մինչև ամառային արձակուրդների սկիզբը», - եզրափակել է Մորելը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո որոշվել էր քվեարկությունը հետաձգել է մինչև ապրիլի 30-ը: Այնուհետև քննարկման օրը ևս մի քանի անգամ հետաձգվեց: Քննարկումների ժամանակ, որոնց մասնակցել է նաև կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, մասնավորապես, հայտարարել էր. ՙԳերմանիան մեղքի իր բաժինն ունի Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին կատարվածի համար: Հաշտություն չի կարող լինել, քանի դեռ չի վերականգնվել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար արդարությունը: Օրհան Փամուկը և Հրանտ Դինքն արժանի են մեր աջակցությանը՚:
Բանաձևի նախագծում, մասնավորապես, ասվում է. ՙ20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ավելի քան մեկ միլիոն հայերի ծրագրված սպանությունը և տեղահանությունը էթնիկ զտումների և ցեղասպանության վառ օրինակ են՚: Ավելի վաղ 20-րդ դարի սկզբի իրադարձությունները ՙցեղասպանություն՚ էր որակել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը: Անգելա Մերկելը հայտարարել էր, թե դեմ չէ բանաձևում այդ տերմինի օգտագործմանը` նախազգուշացնելով գերմանացի խորհրդարանականներին այդ փաստաթղթի ընդունման դեպքում Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին: Գերմանական լրատվամիջոցների համաձայն, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում անձամբ խնդրել էր ՙցեղասպանություն՚ բառը հանել Բունդեսթագի բանաձևից: