Արմինֆո. "Խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին", - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
"Մենք բոլորս պետք է շարունակենք ամենավճռական ջանքերը գործադրել հաշտության եւ կայուն, տեւական խաղաղության հասնելու համար, որպեսզի երաշխավորենք, որ նման ողբերգությունները երբեք չեն կրկնվի", - գրել է եվրոպացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ ի պատասխան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի ինքնորոշման իրավունքն իրացնելու ձգտման ՝ Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի ալիք, որն ուղեկցվեց դաժանությամբ աննախադեպ սպանություններով, բռնություններով ու թալանով։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնությամբ ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհերը դարձան Լեռնային Ղարաբաղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայերը՝1988 թվականի փետրվարի 27-29-ը։ 1988թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը, որոնցից առավել խոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախում, Շամխորում, Մինգեչաուրում: Նույն ժամանակահատվածում ՝ 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, տեղահանվեցին նաև Հյուսիսային Արցախի 50 հայկական բնակավայրերի ՝ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի և Քեդաբեկի շրջանների լեռնային և նախալեռնային մասերի բնակիչները, ինչպես նաև Կիրովաբադի (Գանձակ) 48 հազարանոց հայ բնակչությունը: 1990թ. հունվարին Բաքվի հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական բռնագաղթը դարձան 1988-1990թթ. Ադրբեջանում հայ բնակչության հետապնդումների, բռնությունների, ջարդերի ու սպանությունների գագաթնակետը: 1990թ. հունվարին 250 հազարանոց հայ բնակչությունից Բաքվում մնացել էր մոտ 35-40 հազար հայ։