Արմինֆո.Պատերազմ կանխատեսելն անշնորհակալ գործ է, բայց մեր կողմից ամեն ինչ արվում ու արվել է, որ նման վտանգ չառաջանա: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է, որ "կա արդյոք պատերազմի վտանգ" հարցին ի պատասխան՝ ցանկացած պետական գործիչ չի բացառի նման ելքը։ «Մենք միշտ տեսնում ենք պատերազմի սվտանգ: Այդ պատճառով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի», - ասել է խորհրդարանի խոսնակը։ Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանն այժմ ջանքեր է գործադրում տարբեր երկրներից պաշտպանական սպառազինության մատակարարումների համար։
Հարցին, թե որքանով են ՀՀ զինված ուժերը պատրաստ զինված հակամարտությանը, Սիմոնյանը նշել է, որ այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է իմանալ, օրինակ, արդյոք հակառակ կողմն ատոմային ռումբ ունի: «Մեզ 30 տարի թվացել է, թե մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում։ Բայց պարզվեց, որ՝ ոչ։ Եվ նույն օրինակը, երբ մի երկիր մտածում էր, որ ունի աշխարհի ամենամարտունակ բանակը, բայց երբ գնաց (հարձակման - խմբ.)՝ հայտնվեց ճահճի մեջ», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում նշել էր, որ Ֆրանսիան և Հնդկաստանը Հայաստանի հիմնական գործընկերների թվում են՝ պաշտպանական սպառազինության գնման առումով: "Սեպտեմբերյան իրադարձություններից հետո մեզ համար հասկանալի դարձավ, որ մեզ համար փակվում են շուկաները, հնարավորությունները, բայց, միևնույն ժամանակ, մենք հասկանում էինք, որ Հայաստանի զինված ուժերը չեն կարող տեղում դոփել, ուստի մենք մեր առջև խնդիր ենք դրել ապահովել շուկաների դիվերսիֆիկացումը զենք - զինամթերք ձեռք բերելու համար", - ասել է նա: Նախարարը նշել է, որ այլ երկրների հետ ևս պայմանավորվածություններ կան, սակայն մանրամասներ չի հայտնել: