Արմինֆո. Պետք չէ երկրի զինված ուժերում ատեստավորման գործընթացը կապել աշխատավարձի չափի հետ: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Սեյրան Օհանյանը: Նրա ասելով՝ ատեստավորման գործընթացը պետք է հիմք ծառայի զինծառայողի որակավորման բարձրացման և ծառայության մեջ առաջխաղացման համար: Ատեստավորման արդյունքներով զինծառայողը կամ պետք է ստանա ծառայողական սանդուղքով առաջխաղացման իրավունք, կամ ազատվի զբաղեցրած պաշտոնից, կամ տեղափոխվի համարժեք պաշտոնի: Աշխատավարձի ներկայիս մոդելը, որն առաջարկում է կառավարությունը, կհանգեցնի անհավասար պայմանների։ Հարցը լուծելու համար անհրաժեշտ է վերլուծել այն իրավիճակը, որի դեպքում զինծառայողը կստանա բազային աշխատավարձ, իսկ հավելավճարը կկիրառվի լավ արդյունքներ ստանալու դեպքում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում են "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" և "Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքներում փոփոխությունները, որոնց համաձայն, նախատեսվում է ատեստավորման արդյունքների հիման վրա էապես ավելացնել պաշտպանության համակարգի ոչ զինվորական ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը: Հայաստանում արդեն իրականացվում է մարտական ծառայության զինծառայողների ատեստավորում։ Այժմ մարտական հերթապահություն իրականացնող շարքային պայմանագրային զինծառայողը 110 հազար դրամ աշխատավարձից զատ ստանում է 115 հազար դրամ հավելավճար ։ "Բավարար" ատեստավորումից հետո նրա աշխատավարձը կբարձրանա 372 հազար դրամով, ատեստավորման "լավ" արդյունքի դեպքում՝ մինչև 489 հազար դրամ, "գերազանց"-ի դեպքում՝ մինչև 526 հազար դրամ: