Արմինֆո.ANCA-ն հպարտությամբ միացել է Հայ երիտասարդների ֆեդերացիայի Վաշինգտոնի "Անի" մասնաճյուղի կողմից Ադրբեջանի դեսպանատան մոտ նախաձեռնած բողոքին ՝ ի հիշատակ Սումգայիթ-Բաքու-Մարաղա-Կիրովաբադում (1988-1992 թթ.) տեղի ունեցած ադրբեջանական հակահայկական ջարդերի և 2023 թ. Արցախի ցեղասպանության համար արդարության պահանջով:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո ծառայությունը, ցուցարարները կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը եւ միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, ընդլայնված օգնություն տրամադրել այն արցախցիներին, որոնք վերապրել են ցեղասպանությունն Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների հետեւանքով, եւ ստեղծել մեխանիզմ, որն ապահովի նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն իրենց հայրենի տներ:
Հիշեցնենք, որ ի պատասխան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի ինքնորոշման իրավունքն իրացնելու ձգտման ՝ Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի ալիք, որն ուղեկցվեց դաժանությամբ աննախադեպ սպանություններով, բռնություններով ու թալանով։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնությամբ ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհերը դարձան Լեռնային Ղարաբաղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայերը՝1988 թվականի փետրվարի 27-29-ը։ 1988թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը, որոնցից առավել խոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախում, Շամխորում, Մինգեչաուրում: Նույն ժամանակահատվածում ՝ 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, տեղահանվեցին նաև Հյուսիսային Արցախի 50 հայկական բնակավայրերի ՝ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի և Քեդաբեկի շրջանների լեռնային և նախալեռնային մասերի բնակիչները, ինչպես նաև Կիրովաբադի (Գանձակ) 48 հազարանոց հայ բնակչությունը: 1990թ. հունվարին Բաքվի հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական բռնագաղթը դարձան 1988-1990թթ. Ադրբեջանում հայ բնակչության հետապնդումների, բռնությունների, ջարդերի ու սպանությունների գագաթնակետը: 1990թ. հունվարին 250 հազարանոց հայ բնակչությունից Բաքվում մնացել էր մոտ 35-40 հազար հայ։