Արմինֆո. Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24-ի հետ հարցազրույցում պատասխանելով Երևանի և Բաքվի միջև վստահության աստիճանի վերաբերյալ հարցին:
«Կարծում եմ` իմաստ էլ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ։ Ակնհայտորեն` ոչ։ Բայց խնդիրը դրա մասին չէ, խնդիրը հետևյալի մասին է` պատրաստվո՞ւմ ենք արդյոք մենք փոքր քայլերով վստահություն կառուցել։ Հենց վստահություն կառուցելու պրոցեսում է, որ մենք դժվարություններ ունենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նա համաձայնել է այն կարծիքին, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, թե պատրաստ է խաղաղության, իրականում, պատրաստվում է պատերազմի: «Ես դա եմ ուզում ասել, այո, այդպիսի տպավորություն կա, բայց նաև օբյեկտիվ լինելու համար ենթադրում եմ, որ եթե իրենց էլ հարցնեք, իրենք էլ կասեն, որ իրենք էլ մեզ չեն վստահում, բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքն ուրիշ բանի մասին է` արդյոք մենք փոխադարձաբար պատրաստվում ենք քայլ-քայլ, փոքր քայլերով, եթե հնարավոր է ավելի մեծ քայլերով կառուցել վստահություն, որ մենք միմյանց փոխադարձ խոսքին հավատանք։ Նորից եմ ասում, դիվանագիտական շփումների ընթացքում Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ իրենք հարձակման որևէ մտադրություն չունեն։ Եվ խնդիրն այն է, որ նորից եմ ասում` հրապարակային խոսույթը, դրան հետևած գործնական աշխատանքը, և հողի վրա տեղի ունեցող իրադարձություններն են շատ վերլուծաբանների հիմք տալիս նման հետևություններ անել։ Երբեմն շատ դժվար է հակադարձել և հակափաստարկ բերել, թե ինչու ոչ», - նշել է Հայաստանի վարչապետը: