Արմինֆո.Մոսկվան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ ելնում է այն բանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն ՌԴ-ն Երևանից պարզաբանում է ակնկալում այդ հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
<Մեր կողմից՝ վերստին կցանկանայինք ընդգծել, որ կտրականապես չենք ընդունում 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ընթացքում ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը և Երևանի հանդեպ պարտավորություններն, իբր, չկատարելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների կշտամբանքը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով ձեւավորվել եւ երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության եւ Միացյալ շտաբի գնահատման առաքելությունը", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
ԱԳՆ-ում նշել են, որ "արդյունքների հիման վրա նախապատրաստվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանում դիտորդական առաքելություն ծավալելու մասին":
<Ոչ մեր մեղքն է, ոչ էլ կազմակերպության մյուս անդամների մեղքն է, որ այդ հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև հանրապետությանը ռազմատեխնիկական օգնության տրամադրում և մի շարք այլ միջոցառումներ, մտացածին պատրվակներով մերժվեց նրա իշխանությունների կողմից։ Փոխարենը՝ Երևանը ցուցադրաբար նախընտրեց ԵՄ - ից հրավիրել կեղծ դիտորդների. բոլորին հայտնի փաստերն ինքնին խոսուն են և կասկած չեն թողնում նրանց աշխատանքի զրոյական արդյունավետության առնչությամբ։ Ելնում ենք ան բանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով", - կարծում են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Ընդ որում, ԱԳՆ-ում "ցավով են արձանագրել, որ կազմակերպության միջոցառումներին Երեւանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից եւ երկրի անվտանգության ապահովման խնդիրներից":
"Հուսով ենք, որ Երևանում կգան այն բանի գիտակցմանը, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ, վստահելի երկխոսության մեջ, այլ ոչ թե դրանք հանրային տիրույթում ազդարարեելու ճանապարհով։ Ակնկալում ենք սպառիչ պարզաբանումներ երկկողմ խողովակներով այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության մասին պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում", - եզրափակել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
ՀԱՊԿ քարտուղարությունից հայտարարել են, որ Երևանից համապատասխան ծանուցումներ չեն ստացել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, նշել է, որ Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցության սառեցման վերաբերյալ:
"Այդ կապակցությամբ հայկական կողմը որևէ պաշտոնական գործողություն չի ձեռնարկել։ Մենք նկատի ունենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և հստակեցնել այդ հայտարարությունների նշանակությունը", - ասել է նա։ Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ նախագահն առայժմ չի ծրագրում այդ հարցը քննարկել Հայաստանի վարչապետի հետ: