Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում են, որ Ռուսաստանի սահմանապահները չեն խոչընդոտում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում:
Ինչպես հաղորդում է "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը, իրենք ԱԱԾ-ից հետաքրքրվել են, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն ունի սահմանային այն հատվածներին, որտեղ այժմ կանգնած են ռուս սահմանապահները:
"Հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք պահպանում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան", - նշել են կառույցում:
Նշենք, որ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ Ներքին Հանդում ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով հայկական կողմից զոհվել էր չորս մարդ, և մեկը՝ վիրավորում ստացել, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն այդ տարածք մուտք չի ունեցել, բայց մուտք է ունեցել Ռուսաստանը, որը չի կարողացել կանխել այդ միջադեպը: Նա նաև հավելել էր, որ ռուսական կողմը թույլ չի տվել EUMA-ին այցելել այդ տարածք, որտեղ սադրանք է տեղի ունեցել: Այդ մասին հայտարարել էր նաեւ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Հարցին, թե ինչ հիմքով և ինչ մանդատով են ռուսական զորքերը տեղակայվել գյուղ տանող ճանապարհին, ԱԱԾ-ում նշել են, որ ռուս սահմանապահները տեղակայվել են ոչ կոնկրետ ժամանակահատվածով:
"Ռռուս սահմանապահների տեղակայման նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանին՝ մոնիթորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է", - նշել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել սահմանի Ներքին Հանդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ուներ չորս զոհ և մեկ վիրավոր։