Արմինֆո.Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը ներառում է Զինված ուժերի կենսագործունեության բոլոր գործնական ոլորտները: Այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնական այցով Երևան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարը հատկապես առանձնացրել է Զինված ուժերի բարեփոխումների ոլորտում համակողմանի խորհրդատվությունները, զինվորական կրթությունը, վարժանքների անցկացումը եւ զինված ուժերի ու պաշտպանական միջոցների արդիականացումը, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը:
"Երկկողմ համագործակցությունն ընթացիկ տարվանից դրվել է հստակ հիմքերի վրա և զարգանում է ավելի քան մեկ տասնյակ ուղղություններով", - նշել Է Պապիկյանը՝ ընդգծելով ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ունակ զինված ուժեր ստեղծելու Հայաստանի ձգտումը:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը և Հայաստանի զարգացման կարևորությունը՝ որպես ազատ, անկախ և ժողովրդավարական պետության:
"Գոհունակությամբ նշեցինք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշեցինք հետագա գործողությունների հագեցած ծրագիրը։ Ավելացնեմ, որ րոպեներ առաջ ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են ստեղծում այդ օրակարգի զարգացման համար", - ընդգծել Է Պապիկյանը։
Իր հերթին՝ Լըկորնյուն հիշեցրել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների երկար ճանապարհի մասին: Նա նաև անդրադարձել է մեկ տարի առաջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև թափ ստացած պաշտպանական համագործակցությանը: "Մենք շարունակելու ենք զարգացնել այդ համագործակցությունը։ Հայաստան եմ ժամանել բավականին ներկայացուցչական պատվիրակության հետ։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն կարևորության մասին, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին։ Իմ պատվիրակության կազմում են նաև ռազմարդյունաբերության ճյուղի ներկայացուցիչներ, ինչը ցույց է տալիս մեր հնարավորություններն այդ ոլորտում", - ասել է նա։
Միաժամանակ, Լըկորնյուն, որպես Հայաստանի զինված ուժերի զարգացման կարևոր բաղադրիչ, նշել է կադրերի վերապատրաստումը, ինչի մասին ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ: Նրա խոսքով, դրա շնորհիվ հայ կուրսանտները կկարողանան շարունակել ուսումը ֆրանսիական զինվորական եւ կրթական հաստատություններում, իսկ սպայական կազմը կկարողանա վերապատրաստում անցնել Ֆրանսիայի համապատասխան հաստատություններում:
Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է փոխգործակցել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ոլորտում, և նշել է, որ արդեն 2024 թվականից համագործակցությունը կակտիվանա:
Լըկորնյուն նաև նշել է սպառազինության մատակարարումների սկիզբը՝ դեռ անցյալ տարի ստորագրված պայմանագրերով։ Նրա ասելով՝ փետրվարի 22-ին Երեւան է հասել պաշտպանության որոշակի միջոցների առաջին խմբաքանակը, ապագայում սպասվում է "Բաստիոն" զրահամեքենաների եւ այլ միջոցների հերթական խմբաքանակի մատակարարումը:
"Ես չեմ խորանա այն հարցի մեջ, թե ինչ միջոցների մասին է խոսքը, սակայն, դրանք բոլորը պաշտպանական բնույթի են, քանի որ այս տարածաշրջանում առաջնային է ինչպես սահմանների, այնպես էլ բնակչության պաշտպանությունը։ Սա առաջնահերթություն է, և ոչ ոք չի կարող Հայաստանին դատապարտել իր պաշտպանությունն ու զինված ուժերն ամրապնդելու ձգտման համար։ Եվ այդ ջանքերը թույլ կտան ձեզ լավագույնս պաշտպանել սեփական սահմանները", - նշել է ֆրանսիացի նախարարը։
Խոսելով ՀՕՊ-ի մասին՝ Լըկորնյուն ընդգծել է, որ եթե Հայաստանը ցանկանա ձեռք բերել փոքր, միջին և մեծ հեռահարության հրթիռներ, ապա Ֆրանսիան պատրաստ է դրանք տրամադրել: "Հենց դրանում է կայանում գործընկերոջ և դաշնակցի հուսալիությունը, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ինքնիշխանության պաշտպանությանը", - ամփոփել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը:
Նշենք, որ փետրվարի 23-ի առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիան Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը: Այնուհետև տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ, որոնց հաջորդել է մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունը և Պապիկյանի ու Լըկորնյուի համատեղ մամուլի ասուլիսը: