Արմինֆո. Ադրբեջանցի Կամիլ Զեյնալլին, որը մեղադրվում է 44 - օրյա պատերազմի ընթացքում Արցախի տարեց հայ բնակչին գլխատելու միջոցով վայրագ սպանության համար, Բաքվում հանդիսավոր դիմավորման է արժանացել՝ որպես ազգային հերոս: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական "Le Figaro" ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
"Մոսկվայում կարճ ժամանակով ձերբակալված Կամիլ Զեյնալլիին որպես հերոս են դիմավորել Բաքվի օդանավակայանում, որտեղ տեղի հեռուստատեսությունը Ալիևի հրամանով շտապել է նրանից հարցազրույց վերցնել։ Այդ ադրբեջանցուն մեղադրում են 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ ծեր հային գլխատելու համար", - նշել է Բյուսոնը։
Իր հերթին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով ադրբեջանցի մարդասպանին առնչվող միջադեպը մեկնաբանելու խնդրանքին, նշել է, որ չէր ցանկանա մանրամասնել տեղի ունեցածը: "Չեմ ուզում ավելի մանրամասն խոսել այդ մասին, քանի որ այդ հարցի հետ կապված պետք է տեղի ունենան կոլեգիալ քննարկումներ, այդ թվում՝ իրավապահ մարմինների և մեր գործընկերների միջև: Եկեք առաջ չընկնենք, երբ պաշտոնական արձագանք լինի, այդ ժամանակ էլ կխոսենք", - ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, փետրվարի 20-ի երեկոյան Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանում ռուս իրավապահների կողմից ձերբակալվել էր ադրբեջանցի Կամիլ Զեյնալլին, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում տեսախցիկի առռջեւ սպանել է Արցախի խաղաղ բնակիչներին։ Հայերի նկատմամբ բռնության կոչ է արել։ Ամենաաղմկահարույցը տեսանյութն էր, որտեղ նա սպանում է արցախցի անպաշտպան ծերունուն։ Ադրբեջանի ԱԳՆ-ից նույն օրը, արձագանքելով իրավիճակին, հաղորդել էին, որ Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանում Զեյնալլիին ձերբակալելու հարցը գտնվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ: Իսկ Հայաստանի ՆԳՆ - ում նշել են, որ փետրվարի 21-ին պաշտոնական նամակ են ստացել Ռուսաստանից ՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Կամիլ Զեյնալիի հայտնաբերման մասին: "Փետրվարի 21-ի ցերեկը հետախուզումը նախաձեռնած ստորաբաժանումը Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական նամակով տեղեկացվել է հետախուզվող անձի հայտնաբերման մասին ՝ խնդրելով հաստատել հետախուզման փաստը ։ Ի պատասխան ՝ հետախուզումը նախաձեռնած ստորաբաժանումն անմիջապես հաստատեց, որ տվյալ անձը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, իսկ խափանման միջոցը պետք է լինի կալանավորումը ։ Չնայած հետախուզվողին ազատ արձակելու մասին տեղեկություններին ՝ ՀՀ ՆԳՆ - ն պատրաստել է արտահանձնման մասին արձանագրությամբ նախատեսված փաստաթղթերի փաթեթ, որը կփոխանցվի ՀՀ Գլխավոր դատախազություն ՝ դրանք Ռուսաստանի իրավապահ մարմիններին հանձնելու և արտահանձնման համար անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար", - ասել են ՀՀ ՆԳՆ-ում:
Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Զեյնալլին ազատ է արձակվել և մեկնել Ադրբեջան, որտեղ մարդասպանին, ավանդույթի համաձայն, դիմավորել են որպես ազգային հերոսի։
Նշենք, որ 2012թ. օգոստոսին Բաքվում ավելի մեծ հանդիսությամբ էին դիմավորել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: