Արմինֆո.«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ կոչ անելով Ադրբեջանին զրկել Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Այդ մասին ասվում է շարժման հաղորդագրությունում:
Նշվում է նաեւ, որ համանման նամակներ են ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաև սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։
«Ելնելով ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպես պետություն ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում և թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։ Այս կոչը հնչել է ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և էթնիկ զտումների հետևանքով իրենց պապենական հողերից 120․000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։ Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն, ընդունելով իրավիճակը, և նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշմանը և նրա դիվանագիտական ջանքերին՝ նշելով. «Մենք չենք կարող անհաղորդ մնալ նման աղետի հանդեպ», - ընդգծվում է հաղորդագրությունում։
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հստակ դիրքորոշումը, քանի որ որևէ քայլ չձեռնարկելը կխաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակությունը և ճանապարհ կհարթի ռազմատենչ պետությունների համար։ Շարժումը շարունակելու է ճնշում գործադրել այս առումով ՝ հանուն արդարության ։