Արմինֆո. Ֆրանսիան ռազմական տեխնիկա է մատակարարում բարեկամ Հայաստանին՝ զուտ պաշտպանական նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ RTL France-ի հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է, որը բախվում է անվտանգության լուրջ խնդրի։ "Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին՝ ապահովելու տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը", - ասել է նա, հավելելով, որ շուտով Հայաստան է մեկնելու խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ։
Նշենք, որ Ֆրանսիան 2023 թվականի հոկտեմբերի սկզբին դրական էր արձագանքել ռազմական օգնությանվերաբերյալ Հայաստանի խնդրանքին՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Իսկ արդեն հոկտեմբերի 22-23-ին Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը հաղորդվեց Երեւանին սպառազինություն մատակարարելու շուրջ համաձայնության մասին: Ստորագրվեցին երկկողմ համագործակցության համաձայնագրեր՝ որպես Ֆրանսիայի կողմից ռազմական տեխնիկայի արագ մատակարարման նախաբան։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ֆրանսիայի կողմից Հայաստանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման վերաբերյալ և ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՝ Mistral փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ: Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիշերային տեսանելիության հեռադիտակների և Safran-ի արտադրության սարքավորումների ձեռք բերմանը։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ Ֆրանսիան Հայաստան է ուղարկել Arquus-ի արտադրության բազմաթիրախային հարձակողական Bastion զրահամեքենաներ։