Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ-ում ներկայացրել են ադրբեջանցու գործի մանրամասները, որի նկատմամբ հայկական կողմը միջազգային հետախուզում է հայտարարել:
Ինչպես պատմել է Հայաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։
«Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին և խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից անմիջապես հաստատվել է, որ տվյալ անձը գտնվում է միջպետական հետախուզման մեջ․ խափանման միջոցը՝ կալանք։ Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու և հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը՝ «Արմենպրես»-ին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, փետրվարի 20-ի երեկոյան Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանում ռուս իրավապահների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի Կամիլ Զեյնալլին, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում տեսախցիկի առջեւ սպանել է Արցախի խաղաղ բնակիչներին, հայերի նկատմամբ բռնության կոչ է արել։ Ամենաաղմկահարույցը տեսանյութն էր, որտեղ նա սպանում է արցախցի անպաշտպան ծերունուն։ "Ես արդեն երրորդ անգամ եմ Ռուսաստանում, բայց ինձ միայն հիմա են ձերբակալել։ Ակնկալում եմ մեր պետական կառույցների աջակցությունը ։ Այս պահին ես գտնվում եմ ոստիկանության բաժանմունքում։ Հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի", - պատմել է Զեյնալլին սոցիալական ցանցերում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իրավիճակին և հաղորդել, որ Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանում Զեյնալլիին ձերբակալելու հարցը գտնվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ: Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Կամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և մեկնել Ադրբեջան, որտեղ հայերի սպանողին, ավանդույթի համաձայն, դիմավորել են որպես ազգային հերոսի։