Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ում ավանդաբար, մեղմ ասած, ոչ համարժեք են ընդունել Հայաստանի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը:
"Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, ոչ մի արդյունք չի տա", - նշել են Բաքվում, վստահեցնելով, որ այդ հայտարարություններն, իբր, անհիմն են և դատապարտելի: Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ - ում հերթական անգամ ցինիկաբար հայտարարել են, թե, իբր, արցախցիներն ինքնակամ լքել են իրենց տները, ըստ երեւույթին, արդեն մոռանալով, որ բնիկ հայ բնակչության զանգվածային արտագաղթը տեղի է ունեցել 10-ամսյա համատարած շրջափակումից և սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո։
"Ապակայունացնող Հայաստանին քննադատելու փոխարեն՝ անթույլատրելի է մեղադրել Ադրբեջանին անհամաչափ պատասխան միջոցներ ձեռնարկելու համար, եւ նման նախապաշարմունքները պետք է դադարեցվեն", - հայտարարել են երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում, որն անպատժելիության ֆոնին կորցրել է չափի զգացումը:
Նշենք, որ նախօրեին Մակրոնը հայտարարել էր, որ Ալիևն ու Փաշինյանը 2022 թվականին Պրահայում վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։ Միաժամանակ, նա նշել էր, թե անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ երկիմաստությանը։ "Ինչ վերաբերում է քարտեզներին, ապա պետք է իրականացվի սահմանների սահմանազատման և սահմանագծման բարեխիղճ աշխատանք, որը հիմք կծառայի սահմանի երկու կողմերից ուժերի հետքաշման համար։ Մենք նաև կոչ ենք անում կատարել Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն, Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալու ցանկություն ունեցող մարդիկ կարողանան դա անել անարգել և անհապաղ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման եւ համագործակցության տարածաշրջան, եւ անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցության միջոցները նույնպես լինեն ինտեգրման, այլ ոչ թե բաժանման գործոններ", - նշել էր Մակրոնը