Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, դրան մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, ինչպես նաեւ պետական իշխանության մարմինների, Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հասարակական-քաղաքական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ հայրենակիցներ:
Իր ողջույնի խոսքում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է ռազմական եղբայրության խոր ավանդույթները, որոնք միավորում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին, և շնորհավորել է ռուս զինծառայողներին, ովքեր կարևոր ներդրում ունեն երկրի անվտանգության ապահովման գործում: "Մեր երկրների առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների պայմաններում "Հայրենիքի պաշտպան" հասկացությունն ինքնին մեզ համար ձեռք է բերում յուրահատուկ, շատ արդիական իմաստ: Այդ օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհված հերոսների հիշատակին, նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Նրանց սխրանքները չպետք է մոռացվեն", - եզրափակել է ռուս դիվանագետը։