Արմինֆո. Ֆրանսիական դիմադրության շարժման ականավոր գործիչներից մեկի աճյունի վերահուղարկավորումը և այդ միջոցառմանը ՀՀ պատվիրակության մասնակցությունը վկայում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորության մասին: Այդ մասին փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ երկու երկրների պատվիրակությունների համատեղ մասնակցությունն արարողությանը խոսում է ոչ միայն երկու ժողովուրդների բարեկամության մասին, այլև առանձնահատուկ գնահատական է Ֆրանսիայի զարգացման գործում հայերի ունեցած ավանդին, ինչը չի կարող հպարտություն չառաջացնել հայ ժողովրդի շրջանում:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է այս տարի մեծ շուքով նշել ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Վարչապետը հույս է հայտնել, որ 2024 թվականի սեպտեմբերին Ազնավուրի հոբելյանին նվիրված տոնակատարություններին և Երևանում կայանալիք գալա համերգին կմասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: "Հրավիրում եմ Ձեզ, պարոն նախագահ, պետական այցով ժամանել Հայաստան", - ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում, ինչում մեծ է նաև հենց Մակրոնի վաստակը, ում ջանքերով Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր է ձևավորվել: Մասնավորապես, ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Պրահայի հանդիպման մասին, որի ընթացքում հնչեցվել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքները: Այս սկզբունքները, ըստ Փաշինյանի, անկյունաքարային են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում: "Վստահ եմ, որ կողմերի կողմից այդ սկզբունքների պահպանման դեպքում տարածաշրջանում խաղաղության հասնելը սարերի հետևում չէ", - ընդգծել է ՀՀ վարչապետը:
Նա նշել է, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, իսկ երկրի պաշտպանական հնարավորությունների զարգացումը չպետք է մտահոգություն հարուցի, քանի որ Երևանի խնդիրը ուժերի ճիշտ հաշվեկշռի ձևավորումն է: