Արմինֆո.ՀՀ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ուղղված է պայմանագրով զինվորական ծառայության ընթացքում սոցիալական մոտիվացիայի բարձրացմանը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում հավանություն է տվել "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքներում կատարված փոփոխություններին:
Ներկայացնելով փաթեթը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ առաջարկվում է առանձնացնել զինվորական և ոչ զինվորական ծառայողներին: Փոխնախարարը հիշեցրել է, որ ներկայումս մարտական խնդիրների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներով պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար ընդունվել և գործում է ատեստավորման և հավելավճարների հաշվարկման համակարգ: Այժմ առաջարկվում է հավելավճար սահմանել նաև ոչ մարտական գործառույթներ իրականացնող, օբյեկտների պահպանության կամ ԶՈՒ սպասարկման ծառայություններ մատուցող զինծառայողների համար: Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ներկայումս համակարգում կա մոտ 600 քաղաքացիական ծառայող և 1700 զինծառայող, որոնք կատարում են ոչ մարտական խնդիրներ: "Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքում առաջարկվում է սահմանել ՀՀ ԶՈՒ գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:
ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ասելով ՝ ատեստավորումը կարևորագույն պայման է և ճիշտ որոշում զինված ուժերի համար: Դա հնարավորություն է տալիս շարքային պայմանագրային զինծառայողին ստանալ 500-600 հազար դրամ աշխատավարձ ՝ նախկին 120 հազարի փոխարեն։ Պատգամավորի կարծիքով՝ դա ոչ միայն սոցիալական խնդիր է լուծում, այլև հնարավորություն է տալիս բարձրացնել զինծառայողների պատրաստության մակարդակը: