Արմինֆո. Մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկվելու է իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած դրույքաչափի եւ պարգեւավճարների գումարի 75 տոկոսի չափով: "Սահմանադրական դատարանի մասին" օրենքում առաջարկվող նոր դրույթներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի փետրվարի 20-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նշել է, որ, փոփոխությունների համաձայն, նախատեսվում է նաև փաստաթղթի հետադարձ ուժ կիրառել, ինչի արդյունքում օրենքի գործողությունը կտարածվի Սահմանադրական դատարանի պաշտոնաթող երկու դատավորի վրա։ Նորամուծությունները կհանգեցնեն բյուջետային հատկացումների շուրջ 10 մլն դրամի չափով աճի։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով ՝ խնդիրն առաջացել է 2014 թվականին դատական համակարգում տեղի ունեցած փոփոխություններից հետո, որոնց արդյունքում էապես փոխվել է դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգը: Նա հավելել է, որ վերացվում է անհավասարակշիռ իրավիճակը տարբեր ժամանակներում ծառայած դատավորների սոցիալական երաշխիքների և կենսաթոշակների հետ կապված հարցերում:
Նշենք, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված փաստաթղթի վերաաբերյալ, որն այժմ կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: