Արմինֆո.Երկու տասնյակից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև "ԱրմԻնֆո" լրատվական գործակալության, մասնակցել են Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման ծրագրի շրջանակում կազմակերպված "Զրպարտությունը և վիրավորանքը ԶԼՄ-ների հրապարակումներում. օրենսդրական նորմեր, միջազգային նորմեր և հայկական փորձը" թեմայով վարժանքին:
Փետրվարի 16-18-ն անցկացված վարժանքը կազմակերպվել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում է "Ինտերնյուսի" և նրա գործընկերների կողմից: Վարժանքը վարել է միջազգային իրավունքի մասնագետ, Տեղեկատվական վեճերի և ԶԼՄ-ների էթիկայի մոնիթորինգի մարմնի խորհրդի անդամ Արա Ղազարյանը:
ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանը և Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը ողջունել է մասնակիցներին և ընդգծել թեմայի կարևորությունն ու արդիականությունը: Թեմայի ընտրությունը պայմանավորված էր վերջին տարիներին լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացված մեծ թվով դատական հայցերով, որոնց ուսումնասիրությամբ ի հայտ են եկել ոլորտի էական խնդիրներ: Վերջին երկու տարում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ 71 հայց է ներկայացվել, որից 66-ը ՝ զրպարտության և վիրավորանքի հատկանիշներով: Այս գործերով դատավարությունները հաճախ ձգձգվում են տարիներ շարունակ և ուղեկցվում են լրատվամիջոցների նկատմամբ ֆինանսական բարձր պահանջներով, ինչը մեծացնում է ֆինանսական ճնշումը:
Վարժանքի նպատակն էր բարելավել լրագրողների իրավական գիտելիքները Հայաստանի իրավական նորմերի, միջազգային նորմերի և դատական պրակտիկայի վերաբերյալ, որպեսզի նրանք ավելի պատրաստված լինեն դժվարություններին: Բանախոսը ներկայացրել է իրավական նորմերի մատչելի մեկնաբանությունները, անցկացրել ինտերակտիվ խաղեր, գործնական հարցերի վերլուծություն և քննարկումներ:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է 15 միլիոն դոլար: Ծրագրի նպատակն է ամրապնդել լրատվական դաշտը Հայաստանում ՝ բարելավելով լրագրողական չափորոշիչները և բովանդակության որակը, բարձրացնելով ԶԼՄ-ների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը, ինչպես նաև ստեղծելով տեղեկատվության անկախ հոսքին նպաստող միջավայր: