Արմինֆո. Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։
Մյունխենի անվտագային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխայցելություններին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ինտենսիվ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Գոհունակությամբ արձանագրվել են մասնավորապես կրթության ոլորտում փոխանակումները և առկա լրացուցիչ հնարավորությունները։
Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմում հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին։
Փետրվարի 18-ին Մյունխենում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։ Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության հարցերի։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, վերջինիս ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։
Միաժամանակ, ինչպես Միրզոյանը հաղորդել է Twitter-ում (X), նա հանդիպել է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ, որի հետ մտքեր են փոխանակվել մի շարք հարցերի շուրջ։ «Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է՝ հիմնված ընհանուր արժեքների և Հարավային Կովկասում կայուն զարգացումը խթանելու շահերի վրա», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Արարատ Միրզոյանը դրական է գնահատել նաև Մյունխենի անվտանգության համաժողովի երկրորդ օրվա ընթացքում Նորվեգիայի, Ալբանիայի և Ռումինիայի իր գործընկերների հետ շփումները: "Մեր երկկողմ համագործակցության հետագա ամրապնդումը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում ներգրավվածությունը կարող են նպաստել նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը", - նշել է նա:
Միրզոյանը տեղեկացրել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժոաո Գոմեշ Կրավինյոյի հետ։ "Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ շրջանակներում", - նշել է նա: