Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ինՄյունխենի անվտանգության համաժողովի հարթակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երևանում անցկացելու որոշումը և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանն ու զարգացմանը: ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են:
Տիկին Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամմեդ Շիա Սուդանիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի հետ: Քննարկվել են ՀՀ կառավարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է միգրացիայի ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը, միաժամանակ կարևորել միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Էմի Պոպը շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն իր հերթին պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: