Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 13-ին այցելել է «Reactive Science» ընկերության կողմից Չարենցավանում հիմնադրված լաբորատորիա։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, «Reactive Science» ընկերության թիմը 2022 թվականին իրականացված «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթողներից է, որը ժյուրիի գնահատման արդյունքում գրավել էր 2-րդ տեղը՝ ստանալով 15 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ: Ընկերության ներկայացրած գաղափարը լաբորատոր ռեակտիվների արտադրությունն էր, որն օգտագործվում է մոլեկուլային կենսաբանության (PCR), կենսաքիմիայի և իմունային ախտորոշման փորձարկման համար:
Ընկերությունն արդեն առաջին քայլերն է անում ներկայացված գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին. լաբորատորիայի հիմքն արդեն դրված է, առաջիկայում նախատեսում են նաև արտադրություն սկսել։
Ռուբեն Սիմոնյանը շրջայց է կատարել լաբորատորիայով, ծանոթացել սարքավորումներին և իրականացվող աշխատանքներին։ Ընկերության տնօրեն Վահե Օհանյանը, որը ծրագրի արդյունքում ԱՄՆ-ից տեղափոխվել և բնակություն է հաստատել Հայաստանում, նախարարի տեղակալին է ներկայացրել նորաստեղծ լաբորատորիայի հնարավորությունները, որոնց սարքավորումների մի մասը ձեռք է բերվել ստացած դրամաշնորհի միջոցներով։
Ծրագիրը պիլոտային է, առայժմ այն կտեղայնացվի Հայաստանում, հետագայում նախատեսում են գործունեությունն ընդլայնել տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում։