Արմինֆո.Սահմանային միջադեպին Ադրբեջանի անհամաչափ արձագանքի մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը առաջացրել է Բաքվի հիստերիկ արձագանքը:
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դատապարտում և մերժում են տվյալ մեղադրանքները: Ավելին, Բաքվում Բորելին մեղադրել են կողմնակալության մեջ։ "Ցավոք, ԵՄ-ն անտեսում է Ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը դիպուկահար կրակի հետևանքով" առանց որևէ հրահրող գործոնների՝ "հինգ ամիս կայունությունից հետո։ Հայկական սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը միանգամայն համարժեք և լոկալ բնույթ էին կրում։ Այս միջոցները նաև կանխեցին ռազմական էսկալացիան ընդլայնելու Հայաստանի փորձերը", - ցինիկաբար հայտարարել են երկրի գերատեսչությունում, որը մինչ օրս օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքները ։
Միևնույն ժամանակ, Բաքվում հավաստիացրել են, որ զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ Եվրամիության գերագույն ներկայացուցչի առաջարկը գործնական չէ և ափսոսանք է առաջացնում: "ԵՄ կողմը պետք է հաշվի առնի, որ ԵՄ առաքելության հովանու ներքո տեղակայված "վարձկանները" վտանգ են ներկայացնում ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար", - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, որն, ամենայն հավանականությամբ, վաղուց արդեն կորցրել է կապը իրականության հետ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն "կամավոր" է անվանել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և այդ տարածաշրջանի հայաթափումը: Այդ կապակցությամբ Բաքվում ցինիզմով մատնանշել են նրանց հարկադիր վերաբնակներ անվանելու անթույլատրելիությունը։ "Եվս մեկ անգամ ցավով նշում ենք, որ չնայած Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, գերագույն ներկայացուցիչը, միակողմանիորեն դրսեւոորելով "հայամետ դիրքորոշում", անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և Եվրոպական միության ինստիտուտների միջև և, հետևաբար, ամբողջովին մեկուսացնում է իրեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից", - հավելել են Բաքվում:
Նշենք, որ փետրվարի 13-ին Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ հայկական կողմից սահմանին ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ կրակոցների մասին լուրերը ցավալի էին, սակայն ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր: "Ադրբեջանի գործողությունները, ի թիվս այլ բաների, անտեսել են ՀՀ ՊՆ-ի հայտարարություններն այն մասին, որ միջադեպը մանրամասն հետաքննվելու է։ Սա հերթական անգամ ցույց է տալիս երկու կողմերից զինված ուժերի տարանջատման հրատապ անհրաժեշտությունը, ինչի օգտին ԵՄ-ը հանդես է գալիս արդեն երկար ժամանակ", - նշել է Բորելը։