Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։
Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերում էին Կանադայից առկա ակնկալիքներին՝ նկատի ունենալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախի էթնիկ զտումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, հատկապես ադրբեջանական սպառնալիքները, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներխուժումն ու օկուպացիան և այլն։ Մտահոգություններ են հնչել նաև Կանադայի կառավարության՝ Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու մասին վերջին որոշման վերաբերյալ։
Նա հիշեցրել է, որ 2020 թ․ հոկտեմբերի սկզբին Օտտավան կասեցրել էր դեպի Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվությունները՝ մասնավորապես օպտիկական սարքավորումները, որոնք Թուրքիան օգտագործում էր իր անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք էլ այնուհետև ուղարկվում էին դեպի Ադրբեջան և օգտագործվում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին թիրախավորելու համար։
Դեսպան Թըրները վերահաստատել է իր կառավարության դիրքորոշումն առ այն, որ պետք է հարգվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և որ Կանադան վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի վկայությունն է ԵՄ մոնիտորինգային առաքելությանը մասնակցելու իր որոշումը՝ ի պատասխան Հայաստանի իշխանությունների պաշտոնական խնդրանքի։
Կանադայի դեսպանը նաև վերահաստատել է, որ կանադացի արտահանողներին ծանուցվել է առ այն, որ նոր պաշտպանական արտահանման համար դիմումները պահանջում են հավաստացիումներ Թուրքիայից, որտեղ նշվում է, թե արդյոք տրամադրված տեխնոլոգիաները վերաարտահանվելու են երրորդ կամ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներ, և արդյոք դրանք ներառվելու են սպառազինության մեջ: «Կանադան պարտավոր է ներպետական օրենսդրության և զենքի առևտրի համաշխարհային պայմանագրի համաձայն՝ կանխելու, հայտնաբերելու և դադարեցնելու ռազմական ապրանքների ուղարկումը դեպի այլ չնախատեսված շահառուների», - ասել է նա:
Զրույցի արդյունքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ շարունակել նման հանդիպումները ապագայում և, հնարավորության դեպքում, համագործակցել փոխշահավետ նախաձեռնությունների շրջանակներում՝ տարբեր ոլորտներում Կանադա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու նպատակով։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Կանադայի կառավարությունը որոշում է կայացրել չեղարկել Թուրքիա սպառազինության արտահանման արգելքը։ Այդ առնչությամբ Կանադայի Հայ դատի հանձնախումբը տարածել էր հայտարարություն, որումն ասում էր, որ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությանը պատերազմ հայտարարելուց հետո էական ապացույցներ են ի հայտ եկել Թուրքիայի կողմից Ադրբեջան սարքավորումների ապօրինի տարանցման վերաբերյալ, ինչը խախտել է Կանադայի հետ նրա պայմանագրային պարտավորությունները և հանգեցրել Ադրբեջանի կողմից կանադական արտադրության Wescam տեխնոլոգիաների ապօրինի օգտագործմանը Արցախի խաղաղ բնակչության դեմ։ <Նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան հետևողականորեն անտեսել է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայությունը և հաշվառում է պայմանագրային համաձայնությունների խախտումները: Զենքի մատակարարման արգելքի չեղարկումը ոչ միայն հակասում է Կանադայի վաղեմի սկզբունքներին, այլև անտեսում է Թուրքիայի կողմից տարբեր ժողովուրդների, այդ թվում ՝ հայերի դեմ շարունակվող ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները: Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կանադայի կառավարությանը վերանայել այդ անխոհեմ որոշումը և սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ռազմատենչության դեմ", - ասվում էր հայտարարության մեջ: