Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ չհրահրված ագրեսիան: Այդ մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
"ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած նախնական տեղեկատվության համաձայն, Սյունիքի մարզում ադրբեջանական բանակի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ այսօրվա ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 2 սպանված զինծառայող, կան նաև վիրավորներ: Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ չհրահրված անօրինական ագրեսիան", - գրել է դեսպանը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ՝ փետրվարի 13-ին ՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին հանդի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: "Արձակված կրակոցների հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի երկու զոհ և վիրավորներ", - հաղորդել են ՀՀ ՊՆ-ից: Գերատեսչությունում նաև ապատեղեկատվություն են որակել թշնամական կողմի հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-23:40-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն, իբր, կրակ են բացել սահմանային գոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: