Արմինֆո. Փետրվարի 12-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։
ՀՑԹԻ հաղորդագրության համաձայն, Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: «Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:
Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը», - ասվում է հաղորդագրությունում