Արմինֆո. Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե, իբր, ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառֆայությունը:
«Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Թե որքանով ՀՀ ՊՆ հավաստիացումները կհամապատասխանեն իրականությանը, ցույց կտա ժամանակը։ Բայց, որպես կանոն, առանց կրակի ծուխ չի լինում։ Ինչպես ցույց է տալիս փորձը, արդիականացման և վերականգնման պատրվակով նման անկյունները կամ ամբողջությամբ վերացվում են, կամ պահպանվում է դրանց միայն փոքր մասը։