Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Հայաստան հնարավոր այցից առաջ անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայաստանյան գործընկերներից՝ ՄՔԴ-ին Երևանի միանալու առնչությամբ։ Այդ մասին ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, այդ միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայաստանյան գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել Է Պեսկովը։
Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ պատասխան չի տվել բրիտանական The Telegraph պարբերականի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանտի այն հարցին, թե արդյոք կարող են ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի Երեւան:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն ստորագրվել է երկրի նախագահի կողմից և ուժի մեջ է մտել ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր անց: Արդեն փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ կառույցի լիիրավ անդամ։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով ՝ ՄՔԴ-ը, հիմնականում, դիտարկում է ցեղասպանության հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունները: Դատարանը կարող է իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնել, ինչպես նախատեսված է սույն կանոնադրությունում, ցանկացած մասնակից պետության տարածքում և, հատուկ համաձայնությամբ, ցանկացած այլ պետության տարածքում: Կիրակոսյանը նշել է, որ այդ փաստաթղթի վավերացումը թույլ կտա ՄՔԴ-ում վարույթներ նախաձեռնել Ադրբեջանի դեմ ՝ Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների համար, որտեղ, փաստորեն, տեղի է ունեցել բնակչության բռնի տեղահանում, ինչպես նաև՝ Հայաստանի դեմ ագրեսիայի համար: Առանց այդ փաստաթղթի առկայության Հայաստանը, գործնականում, չուներ Բաքվին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 17-ին ՄՔԴ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Սակայն հայկական կողմը նշում է, որ փաստաթղթի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ աղբյուրը հաղոչդել էր, որ ռուսական կողմը հայ գործընկերներին զգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների համար խիստ բացասական հետևանքների մասին ՝ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու դեպքում: