Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Այդ մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի ասելով, մեր տարածաշրջանում վերջին ամիսներին շատ էական իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանի անմիջական հարևան և բարեկամ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամության թեկնածու։ «Ըստ էության, կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր և էական է դիրքավորվել այդ իրադարձության շուրջ։ Իհարկե, ես առիթ եմ ունեցել Վրաստանի իմ գործընկերոջը և Վրաստանին, Վրաստանի ժողովրդին շնորհավորել այդ կարևոր իրադարձության առիթով։ Կարծում եմ, որ դա մի իրադարձություն է, որ անխուսափելիորեն նաև ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի ընդհանուր պատկերի և մթնոլորտի վրա։ Հայաստանի Հանրապետությունը և մեր կառավարությունը պիտի դիրքավորվի այդ իրադարձության նկատմամբ։ Կարող եմ մի բան ասել, և թերևս իմ ասածից ակնհայտ է` եթե ես Վրաստանին և Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել եմ այդ առիթով, ակնհայտ է, որ ես դա համարում եմ դրական իրադարձություն։ Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ կունենար շնորհավորելը», - ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ դեռևս իր վարչապետ դառնալուց առաջ Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագիր։ «Հիմա այդ պայմանագիրն իրագործման փուլում է։ Ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են և ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են այդ թվում՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» իրականացման պայմաններում և պատճառով: Բայց, իհարկե, մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները սերտանում են նաև այն պատճառով, որ միջազգային հանրության գնահատականով մենք տեսանելի հաջողություններ ունենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին: Գիտեք, այս նրբությունը շատ կարևոր է մեր իրադրությունը հասկանալու համար, իրավիճակը և շատ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Տեսեք, մենք ոչ մեկից չենք շրջվում: Մենք իրականացնում ենք մեր ժողովրդից ստացած մեր պատգամները: Իսկ այդ պատգամն առաջին հերթին ժողովրդավարական բարեփոխումներն են: Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն: Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի», - ընդգծել է Հայաստանի վարչապետը: