Արմինֆո. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման գործընթացը բազմաթիվ շահարկումների տեղիք է տվել: Մեղրու դատարանի օպտիմալացումը քաղաքական շահարկումների տեղիք է տվել, նույնը Վարդենիսի պարագայում է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ծառայության 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։
Օրերս "Հայաստան" դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Մեղրիում փակում են պետական հիմնարկները՝ առաջին ատյանի դատարանը, Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, փակված է նաև արխիվը: <Օպտիմալացման պատրվակով այդ գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ Էլ ի՞նչ եք փակելու առաջիկայում ՝ մանկապարտեզնե՞ր, դպրոցնե՞ր ։ Ո՞րն է այս ամենի իրական նպատակը> - հարցրելլէր Դանիելյանը։ Նա թվարկել էր նաև այլ խնդիրներ, որոնց բախվում են մեղրեցիները. սպանդանոցների բացակայություն, տրանսպորտ և այլն: "Մեղրիում տարրական պայմանների եւ բազային ծառայությունների բացակայության պատճառով շատ ընտանիքներ տեղափոխվում են այլ քաղաքներ", - ընդգծել էր Դանիելյանը, հավելելով, որ օպտիմալացման պատրվակով փակվում են նաեւ սահմանամերձ այլ համայնքների գերատեսչությունները: "Մեղրին Հայաստանի հարավային դարպասն է, Մեղրին եւ նրա բնակիչներն արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ, այնտեղ իրականացվում է քաղաքականություն, որը կհանգեցնի մեր հայրենիքի այս գեղեցիկ հատվածի հայաթափմանը եւ նոր արհավիրքների",- եզրափակել էր խորհրդարանականը:
Վարչապետի խոսքով՝ օպտիմալացումը նախատեսվում է իրականացնել ողջ երկրում, այդ թվում ՝ Երևանում, և որևէ շահարկում չի ազդի գործընթացի վրա: Միաժամանակ, նրա խոսքով, գաղափար կա օպտիմալացման գործընթացում և մինչ թվայնացման գործընթացների մեկնարկը, խնդրահարույց կետերը բացահայտելու դեպքում գործի դնել ծառայության բջջային գրասենյակները:
Ծառայության ղեկավարը և նրա տեղակալները կառավարության ղեկավարին զեկուցել են, որ կառուցվածքային բարեփոխումների շրջանակում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները դարձնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային ծառայություններ, այլև ծառայության գործառույթների շրջանակներում մատուցվող այլ ծառայություններ ՝ կացության կարգավիճակ ստանալու, ապաստանի, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընդունում և այլն:
Այսպես, հաշվետու տարում հաստատվել են ծառայության նոր կառուցվածքն ու կանոնադրությունը. օպտիմալացման համակարգում ընդգրկված են 6 բաժիններ և 47 տարածքային ստորաբաժանումներ (նախկինում եղած 63-ի փոխարեն): Նշվել է, որ օպտիմալացումն իրականացվել է մի շարք չափանիշներով. տարածքային ստորաբաժանումների բաշխում, աշխարհագրություն, բնակչության ծառայությունների ընդգրկում, կառավարման արդյունավետություն:
2023 թվականին գործարկվեց նաև migration.e-gov.am հարթակը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց ստանալ մի շարք տեղեկություններ, մասնավորապես, ինչպես քաղաքացու, այնպես էլ նրա անչափահաս երեխաների հաշվառման հասցեի, հանրային ծառայությունների համարանիշի, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ: Կայքի միջոցով իրականացվում է նաև առցանց սպասարկման հերթ Երևանի անձնագրային ծառայություններում: Պաշտոնյաների խոսքով ՝ այդպիսով նվազել է Միգրացիայի եւ քաղաքացիության տարածքային ստորաբաժանումներում հերթերի ծանրաբեռնվածությունը, հերթերը տեղափոխվել են էլեկտրոնային ձեւաչափ: Շուտով թվայնացված ծառայությունները migration.e-gov.am կայքում կընդլայնվեն: