Արմինֆո. Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պատրաստվում են Հայաստանի դեմ նոր ագրեսիային` դրա համար անհրաժեշտ արտաքին, քաղաքական, ռազմական, քարոզչական ֆոն ձևավորելով, Հայաստանի իշխանությունը պատրաստվում է «ո՞ւմ նշանակել հաջորդ մեղավոր» օպերացիային: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը. ոչնչացնում ինքնապաշտպանական վերջին հենասյունները, ներհասարակական հարաբերությունները սրում` երկիրը մոտեցնելով նոր քաոսի: Իշխանությունն իր առաջ խնդիր չի դրել պաշտպանել սեփական երկիրն ու քաղաքացիներին, նրա առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է», - ընդգծել է ընդդիմադիրը: