Արմինֆո. Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն ընթանում են բազմաթիվ խախտումներով՝ չնայած բազմաթիվ միջազգային դիտորդների ներկայությանը:
Ինչպես հայտնի է դարձել ԶԼՄ-ներից, Բաքվի որոշ ընտրատեղամասերում լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը: Բացի այդ, ամենուր խլացվում է ինտերնետը՝ դրանով իսկ խոչընդոտելով լրագրողների կողմից տեղեկատվության փոխանցումն իրենց խմբագրություններին։ Ավելին, քվեարկության ընթացքում նույնպես լրագրողներն արձանագրել են տարբեր ընտրատեղամասերում ուսանողներին բազմակի քվեարկության համար օգտագործման բազմաթիվ դեպքեր:
Ընդ որում, դիտորդները ձևացնում են, թե չեն նկատում այդ ընտրական գործընթացների ժամանակ կիրառվող "կարուսելները"։ Իսկ իրենք՝ "կարուսելի" մասնակիցները, չեն էլ թաքցնում կրկնակի քվեարկության փաստերը։
Ավելին, որոշ դիտորդներ հայտարարում են ընտրատեղամասերից իրենց հեռացնելու մասին։ Մինչդեռ, եթե նայենք Ադրբեջանի իշխանամետ կայքերին, ապա կարելի է մտածել, որ իսկապես երկրում անցկացվում են ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Ադրբեջանական իշխանությունները գումար չեն խնայում ազատ պետության պատրանք ստեղծելու համար։
Նշենք, որ այսօր Ադրբեջանում ընթանում է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը: Նախագահի պաշտոնի համար պայքարում են իշխող "Ենի Ազերբայջան" կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը և Ֆուադ Ալիևը, Ազգային ճակատ կուսակցության թեկնածու Ռազի Նուրուլաևը, Մեծ արարման կուսակցության թեկնածու Ֆազիլ Մուստաֆան, "Մեծ Ադրբեջան" կուսակցության թեկնածու Էլշադ Մուսաևը, Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ կուսակցության թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը: Ընտրացուցակում 6 միլիոն 478 հազար 623 մարդ կա։ Նրանք քվեարկելու են հանրապետության 6537 ընտրատեղամասերում: Ալիևյան ռեժիմը տեղամասեր է բացել նաև Արցախի օկուպացված տարածքներում։ Ընտրություններին հետևելու համար գրանցվել է ավելի քան 90 հազար դիտորդ։