Արմինֆո.Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով նոր սահմանադրության ընդունման ընդդիմախոսների մտավախություններն այն մասին, որ իշխանությունը կգնա կեղծիքների եւ վարչական ռեսուրսի կիրառման՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով անհրաժեշտ արդյունք ապահովելու համար, բացառել է նման «հեռանկարը»:
Պապոյանի ասելով՝ 2018 թվից հետո Հայաստանում տասնյակ ընտրություններ են տեղի ունեցել՝ ՏԻՄ մակարդակով, հանրապետական մակարդակով, և ոչ մի ձայն չի կորել ու չի կեղծվել: "Հայաստանի համայնքների 30%- ում "Քաղաքացիական պայմանագիրը" (իշխանության կուսակցությունը-խմբ.) ընդդիմության դերում է։ 2000 թվին կարո՞ղ էիք նման բան պատկերացնել։ Եթե մենք կիրառեինք վարչական լծակներ, արդյո՞ք չէինք կարողանա ապահովել անհրաժեշտ թվով ձայներ Երևանի ավագանու ընտրություններում։ (2023 թվականի սեպտեմբերին ՔՊ - ն չկարողացավ մեծամասնություն ստանալ-խմբ.): Մենք, նույնիսկ, չգիտենք, թե ինչպես է դա արվում", - հայտարարել է խորհրդարանականը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Վարչապետի ընդդիմախոսները հայտարարել են, որ նախաձեռնությունը բխում է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության մասին հռչակագրին հղումները, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: