Արմինֆո. Հրանտ Ջիլավյանը նշանակվել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ:
Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փետրվարի 6-ին:
Ջիլավյանը ծնվել է 1995 թվականին, 2020 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, դասավանդում է քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնում: 2022 թվականից՝ ՀՀ ԱՀԾ ներկայիս ղեկավար Քրիստինե Գրիգորյանի՝ որպես օմբուդսմեն պաշտոնավարման օրոք, աշխատանքի է անցել ՀՀ ՄԻՊ աշխատակազմում, որտեղ ղեկավարել է Զինված ուժերում և քրեական վարույթի ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը։ Ք.Գրիգորյանի հեռանալուց որոշ ժամանակ անց նշանակվել է ՄԻՊ ժամանակավոր պաշտոնակատար։
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագիծը հաստատվել է 2022 թվականի դեկտեմբերին։ ԱՀԾ-ն ենթարկվելու է անմիջականորեն երկրի վարչապետին: 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ։