Արմինֆո."3+3" տարածաշրջանային հարթակը նախատեսված է տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրների լուծման համար: Այդ մասին փետրվարի 6 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին ՝ անդրադառնալով հարթակի գործունեությանը ։
Նա նաև խոստովանել է, որ եղել են երկրներ (Վրաստան - խմբ.), որոնք չեն միացել այդ հարթակի աշխատանքներին։ Սակայն, նրա համոզմամբ, եթե այս ձևաչափի շրջանակներում շոշափելի արդյունքներ գրանցվեն, մնացած երկրները նույնպես հետաքրքրություն կցուցաբերեն դրա նկատմամբ և կցանկանան միանալ ։ "Սա է Իրանի դիրքորոշումը, և, հաշվի առնելով, որ առկա խնդիրներն, առաջին հերթին, ազդում են տարածաշրջանի երկրների վրա, ապա հենց նրանք պետք է ջանքեր գործադրեն դրանք վերացնելու համար", - ասել է Սոբհանին:
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ այդ հարթակը հաջող կլինի, եթե դրա մասնակիցներն իսկապես խաղաղություն և կայունություն ցանկանան տարածաշրջանի համար: Հավելելով, որ ժամանակին ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջողություն չունեցավ, քանի որ նրա համար հակամարտության լուծումը առաջնային չէր, քանզի իրավիճակի բացասական զարգացումների դեպքում համանախագահող երկրները ոչ մի կերպ չէին տուժի:
Սոբհանին նաև խոստովանել է, որ Իրանում հետևում են, որպեսզի Հայաստանի շուրջ իրական խաղաղություն հաստատվի: "Եթե տարածաշրջանի երկրները դուրս գան մրցակցության ուղի, դա, առաջին հերթին, կխոչընդոտի նրանց անվտանգությանը։ Անվտանգությունը միասնական համալիր է, որը ենթակա չէ մասնատման", - ասել է նա, ընդգծելով, որ միակ ճիշտ ճանապարհը, որով պետք է շարժվել, տնտեսական զարգացման ճանապարհն է, այլ ոչ թե՝ իրավիճակի սրման։
Ճշտմանը, թե արդյոք Իրանը կմիջամտի, եթե Ադրբեջանը փորձի ուժային ճանապարհով Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք ստանալ, Իրանի դեսպանը հիշեցրել է, որ Թեհրանի դիրքորոշումն այդ հարցում միշտ շատ հստակ է եղել: "Տրանսպորտային երթուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՝ հարգելով այն երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը, որով անցնելու են այդ երթուղիները ։ Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը և դեմ է աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Եվ մենք թե ռազմական, թե քաղաքական տեսանկյունից ցույց ենք տվել, որ չենք հանդուրժելու նման փոփոխություններ։ Իսկ թե ինչպիսին կլինի մեր պահվածքը Հայաստանի տարածքում, կախված է Հայաստանի կառավարությունից", - հավելել է նա։ Դիվանագետը նաեւ նշել է, որ Հայաստանի կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագծի իրականացման դեպքում հնարավոր կլինի երկաթուղային կապով միացնել Հայաստանն ու Իրանը: Վերջում նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանում Հայաստանի հետ հարաբերությունները համարում են ռազմավարական: Ընդ որում, նա հարց է տվել, թե ինչու են ուրիշները սպառնում Հայաստանին։ "Եթե դուք ուժեղ լինեիք, ինչ-որ մեկը կհամարձակվե՞ր ձեզ սպառնալ: Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղության բանալին ուժերի հավասարակշռությունն է։ Եվ եթե Հայաստանն ուժեղ լինի, ոչ ոք չի համարձակվի նրան սպառնալ", - եզրափակել է դեսպանը։