Արմինֆո.Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ երկիրը քայլ առ քայլ ընթանում է իր պետականության լուծարման ճանապարհով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը' մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրեթե միաժամանակյա հայտարարությունը:
Ինչպես նշել է քաղաքագետը, գիտակցելով կատարածի համար պատասխանատվության անխուսափելիությունը, իշխանությունները փորձում են վերացնել հայցվորին, որը Հայաստանի Հանրապետությունն է, քանի որ՝ չկա հայցվոր, չկա նաև քրեական գործ: Մաթևոսյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության հարցը Փաշինյանն ու Ալիևն արդեն փակել են, և հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է: Այս առումով Մաթևոսյանը հիշեցրել է, թե ինչպես էր հանձնվում Արցախը. նախ՝ 2020 թվականի պատերազմը, հետո՝ նրա առանձին տարածքների հանձնումը, որից հետո Գրանադայում պաշտոնապես հայտարարվեց Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու մասին, ինչը, իհարկե, արդյունքում հանգեցրեց բռնության հերթական բռնկման և բնակչության զանգվածային արտահոսքին։ Նույնը, քաղաքագետի համոզմամբ, ներկայումս իրականացվում է Հայաստանի նկատմամբ։ Դրված նպատակի իրագործմանը խոչընդոտող կարևորագույն գործոններից են առկա անվտանգության համակարգերը, հատկապես, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի շրջանակներում: Երևանը ի չիք է դարձնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների իր հարթակը տրամադրելու ուղղությամբ Մոսկվայի բոլոր ջանքերը, դրանով իսկ ոչնչացնելով, գործնականում, բոլոր "անվտանգության բարձիկները", որոնցից մեկը ՀԱՊԿ-ն է։ Քայլեր են ձեռնարկվում նաև Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական հարաբերությունները զրոյացնելու ուղղությամբ։ Իսկ իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին Երևանի հավաստիացումներն, ընդամենը, պատրվակներ են և անվտանգության հետ որևէ առնչություն չունեն։ "Ասեմ ավելին, հայկական պետականության ոչնչացման նպատակը նաև պատճառ է, որ Երևանը հրաժարվում է Թեհրանի ռազմական աջակցությունից, որի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի կնքումը կարող է խոչընդոտ հանդիսանալ նախանշվածին հասնելու համար", - ընդգծել է փորձագետը: Այս համատեքստում նա հավելել է, որ Իրանի ՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկի բացառումը շատերն ընկալում են որպես հանրապետության իշխանությունների, իբր, արևմտամետ դիրքորոշում, ինչը չի կարող զարմանք չառաջացնել, քանի որ Երևանն ուզում է "երաշտահավը ձեռքին կռունկ բռնել երկնքում", հատկապես այն ֆոնին, որ հայ հասարակության միայն մի փոքր մասն է արևմտամետ կուրսի կողմնակից:
Փորձագետը նշել է, որ անվտանգության համակարգերի հետ մեկտեղ համակարգված աշխատանք է տարվում հանրապետության ներսում պետականության հիմքերը ոչնչացնելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ տարբեր քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ հրաժարում ՀՀ սահմանադրությունից, զինանշանից, օրհներգից, Անկախության մասին հռչակագրից, այն ամենից, ինչի վրա խարսխված է հայոց պետականությունը։ "Դա, ըստ էության, նշանակում է, փաստորեն, հրաժարվել սեփական ծննդյան վկայականից", - ասել է Մաթևոսյանը:
Նշենք, որ օրեր առաջ մի քանի ժամվա տարբերությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկան նույն տեքստերով և հայտարարեցին ՀՀ սահմանադրությունը փոխելու և ՀՀ անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյով հեռարձակված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ նոր սահմանադրությունը կոչված է լեգիտիմացնելու պետություն-ժողովուրդ հարաբերությունները, քանի որ լեգիտիմությունը շատ կարևոր է բոլոր առումներով: Հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում:
Վարչապետի ընդդիմախոսները հայտարարել են, որ նախաձեռնությունը բխում է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումները, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության մասին հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: