Արմինֆո. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը սարկազմով է մեկնաբանել փետրվարի 7-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունները: "Արթնացա, նայեցի տեղական լրատվական կայքերը։ Կարծես թե՝ Կորսիկայում ընտրություններ են, իսկ ես չգիտեի", - գրել է ֆրանսիացի դիվանագետն իր թվիթերյան (X) էջում։
Հավելենք, որ օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանում ձևավորվել էր, այսպես կոչված, Կորսիկայի ժողովրդին աջակցող խումբ, որն անմիջապես հրապարակել էր Ֆրանսիայի իշխանություններին ուղղված պահանջների դիմումը: Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները, մեղմ ասած, սառել են ։ Ադրբեջանում դժգոհ են աջակցությունից, որը Փարիզը ցուցաբերում է Երևանին՝ Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիայի ֆոնին: Ադրբեջանում, այդ ֆոնին, հանկարծ"բացահայտեցին ֆրանսիական լրտեսական ցանցը" և այդ պատրվակով երկրից արտաքսեցին Ֆրանսիայի ԱԳՆ միանգամից երկու դիվանագետի։ Ավելին, ձերբակալվեց ֆրանսիացի գործարար, որրին նույնպես մեղադրեցին լրտեսության համար։ Փարիզը, որպես պատասխան միջոց, երկրից արտաքսեց ադրբեջանցի երկու դիվանագետների։