Արմինֆո. Փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի հրավերով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պատվո հյուրի կարգավիճակով մասնակցել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի 2024թ․ առաջին լիագումար նիստին, որի ընթացքում նախագահ Բերտրանը և խորհրդի անդամները վերահաստատեցին իրենց լիակատար համերաշխությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ։ Նիստին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը, դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումը՝ իր ելույթում Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահը նշել է, որ ռեգիոնը մշտապես եղել և շարունակելու է լինել հայ ժողովրդի կողքին իր իրավունքների և անվտանգության երաշխավորման պայքարում։ Նախագահ Բերտրանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակումը՝ վերահաստատելով իր ղեկավարած ռեգիոնի կողմից այս ուղղությամբ ջանքեր գործադրելու հանձնառությունը։
Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը նաև միաձայն աջակցություն է հայտնել ս. թ․հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին, որով վերջինս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա իրականացված ռազմական հարձակումը և պահանջում է երաշխավորել հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի իրացումը։
Նիստի ընթացքում, ներկաների հոտնկայս ծափահարությունների ներքո, նախագահ Բերտրանը Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին շնորհել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի պատվո մեդալ։ Նիստից անմիջապես հետո դեսպան Տոլմաջյանի և նախագահ Բերտրանի կողմից Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի շենքի մեծ սրահում բացվել է «Հայաստանի պատմամշակութային հարստություններ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են ֆրանսահայ հայտնի լուսանկարիչներ Ռոժե և Լիդիա Կասպարյանների գործերը։ Ցուցահանդես գործելու է մինչև փետրվարի 29-ը։